Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է (ուղիղ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Գրանցվել է 100 պատգամավոր:
Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով):
Ընտրվելու համար Փաշինյանը պետք է 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ստանա առնվազն 53 ձայն: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:
Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ (45 դեմ և 56 կողմ):
Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը Հայաստանը կունենա վարչապետ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:
Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում