Լևոն Շիրինյան. ԱՊՀ տարածքում չկա և ոչ մի երկիր, որում իշխող կուսակցությունը խախտումներ չկատարի

Ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Ամենայն հավանականությամբ նորակազմ ավագանու կազմում կտեսնենք երեք ուժի’ ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» դաշինք: Այս ամենի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության այս հաղթանակը սպասելի էր ու կանխատեսելի:

ՀՀԿ- ն, ըստ Լևոն Շիրինյանի, պահում է իր իշխանությունը’ անկախ եղած խախտումներից: Քաղաքագետը կարծում է, որ ԱՊՀ տարածքում չկա և ոչ մի երկիր, որում իշխող կուսակցությունը խախտումներ չկատարի.

«Հայաստանի տնտեսական ու քաղաքական օլիգարխիան իշխանության լծակը հստակորեն պահում է իր ձեռքում: Այս ուժի ներկայացուցիչները գործարաններ ունեն, խանութներ, որտեղ մարդիկ են աշխատում, այնտեղի մարդիկ էլ բարեկամներ ունեն, ովքեր, բնականաբար աշխատանքը չկորցնելու համար իրենց գործատուներին են ընտրում»:

ԲՀԿ-ի մասով Լևոն Շիրինյանը կարծում է, որ սխալ էր ընտրված այս ուժի ցուցակի առաջին դեմքը.

«Էլի եմ ասել’ Վարդան Օսկանյանի ընտրությունն անհասկանելի էր: Ժողովուրդն այդպես էլ չհասկացավ’ նա արտաքին գործերի նախարար է, քաղաքապետ է թե’ թաղապետ: Անձնական իմաստով Օսկանյան քաղաքական գործչի նկատմամբ ոչ մի առարկություն չունեմ, բայց Երևանի ավագանու ընտրությունների դեպքում’ նրա առաջին դեմք լինելը սխալ էր: Եթե սպորտսմենը լավ շախմատ է խաղում, դեռ չի նշանակում, որ նա նաև լավ լողորդ պիտի լինի»,- ասաց Լևոն Շիրինյանը:

«Բարև Երևանը», քաղաքագետի կարծիքով՝ դժվար ու դանդաղ քայլերով, բայց տեղավորվում է հայկական քաղաքական դաշտում.

«Քիչ ռեսուրսներ ունեն, բայց շարժվում են առաջ: «Բարև Երևանը» չպետք է սրտնեղի այն բանից, որ իրենք 7 թե 8 տոկոս ձայն են ստացել, դա բնականոն գործընթաց է’ նրանք մտնում ու տեղավորվում են քաղաքական դաշտում, իսկ օլիգարխիկ կուսակցությունների գոյության դեպքում դա բավականին բարդ է: «Ժառանգությունը», եթե կարողանա այս նիշը պահել, կդառնա իսկական քաղաքական կուսակցություն, որն օլիգարխիայի հետ որևէ կապ չունի»,- ասաց Լևոն Շիրինյանը:

ՀԱԿ-ի’ ավագանու կազմում չհայտնվելը քաղաքագետն այսպես է մեկնաբանում’ ՀԱԿ-ը որպես նախկին ՀՀՇ-ի ժառանգորդ ու Լևոն Տեր-Պետրոսյանը որպես ազգային լիդեր այլևս չեն ընկալվում:

«ՀԱԿ-ն այսօր մեկնաբանելու է, թե իրենց ձայները փչացրել ու գողացել են, բայց պետք է ասեմ, որ իրենք այսօր հասարակության մեջ մարգինալանում են: Կարծում եմ, որ մեզ խիստ անհրաժեշտ է դասական լիբերալ կուսակցություն, որի հայտը ներկայացրել է ՀԱԿ-ը: Բայց մարտի մեկից ու հայտնի մյուս իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն ընկել է, քանի որ այս իրադարձություններում մարդիկ միայն իշխանությանը չէ որ մեղադրում են: ՀԱԿ-ն այս գալիք 4 տարիների ընթացքում պետք է քափ ու քրտինքով աշխատի երկու ուղղությամբ’ նախ կուսակցության տեսության վրա և երկրորդը’ պետք է նայեն, գուցե և վերանայեն իրենց կադրային բանկը»,- ասաց Լևոն Շիրինյանը:

ՀՅԴ-ն, ըստ Լևոն Շիրինյանի, ճգնաժամ է ապրում’ քաղաքական, գաղափարական ու կադրային:

«Հայ Հեղափոխական Դաշնակցությանն այսօր թարմություն ու ավյուն է պետք: Կարծում եմ՝ Դաշնակցությունն ընդհանուր ժողովի կարիք ունի: Հայ հասարակությունը Դաշնակցությանը միշտ մյուս կուսացությունների նման չի վերաբերվել: Դաշնակցության նկատմամբ հայի առանձնահատուկ վերաբերմունքը միգուցե գալիս է դրա ազգային գաղափարախոսությունից: Այդ առանձնահատուկ վերաբերմունքից ելնելով էլ, եթե ժողովուրդն ասենք մի բան կարող է ներել ՀԱԿ-ին’ ՀՅԴ-ին երբեք չի ների»,- ասաց քաղաքագետը:

ՕԵԿ-ի ավագանու կազմում չհայտնվելն էլ Շիրինյանն այսպես մեկնաբանեց’ հարմարվողականությունը մեր ժողովուրդը չի ներում.

«Օրինաց Երկիրը» ժամանակին ուներ լավ գաղափարախոսություն ու լավ կուսակցություն դառնալու հիանալի գրավականներ, բայց նախընտրեց հարմարվել իշխանությանն, ինչն էլ չներվեց մեր ժողովրդի կողմից: ՕԵԿ-ի մասով կավելացնեմ նաև, որ սա ամենավառ օրինակն է այն բանի, որ կուսակցությունները ծնվում են, ապրում են ու մեռնում»,- ասաց Լևոն Շիրինյանը:

«Առաքելության» առաջադրումն էլ, ըստ Շիրինյանի, երկու կերպ կարելի է մեկնաբանել’ կամ երիտասարդ կուսակցությունը ցանկանում է կայանալ, կամ առաջադրվել է իշխողին օգնելու ու ձայներ փախցնելու համար.

«Ընդ որում, եթե իրենք իսկապես ուզում են կայանալ, ինչին մեր պայմաններում ես քիչ եմ հավատում, ապա դա շատ լավ է’ մեր քաղաքականությանը նոր դեմքեր ու թարմություն պետք է»,- ամփոփեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում