Սիրիահայ երեխաներն այցելել են Արագածոտնի մարզ
Նմանատիպ
ՀՀ սփյուռքի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Կարբիի գյուղապետարանի աջակցությամբ սիրիահայերի «Կիլիկյան» դպրոցի սաները ինտեգրման մշակութային ծրագրի շրջանակներում այցելեցին Արագածոտնի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում սիրիահայ աշակերտները եղան Տառերի պուրակում, որտեղ դիտեցին հայոց այբուբենի քարե զարդաքանդակների համալիրը, այնուհետև ուղևորվեցին՝ դիտելու Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչը, որը պատրաստվել է արցախյան պատերազմի պարկուճներից ձուլված մեծ ու փոքր խաչերից:
Շարունակելով ուղևորությունը՝ սիրիահայ դպրոցականները այցելեցին Օհանավանի եկեղեցի, որտեղ մոմ վառեցին, Հոգևոր Հայրը պատմեց նրանց եկեղեցու ստեղծման պատմությունը և միասին աղոթք հնչեցրին առ Աստված հանուն Սիրիայի խաղաղության:
Այնուհետև սիրիահայ դպրոցականներին իրենց հարկի տակ ընդունեցին Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց ձեռքով պատրաստած ուտեստների հյուրասիրություն էին կազմակերպել իրենց հասակակից սիրիահայ ընկերների համար: Դպրոցականները համատեղ հանդես եկան ասմունքի, երաժշտական և պարային ստեղծագործությունների կատարումներով, որից հետո երկու դպրոցների պատանի ֆուտբոլիստները իրենց ուժերը չափեցին մարզադաշտում:
Ողջունելով նման նախաձեռնությունը՝ «Կիլիկյան» դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը և Կարբիի դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը մեծ գոհունակություն հայտնեցին հյուրընկալության համար և նշեցին, որ սա հիանալի հնարավորություն է սիրիահայ երեխաների ինտեգրումը կազմակերպելու, իրենց հասակակիցների հետ շփվելու և մտերմանալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում