ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը վայր է դնում լիազորությունները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին: Վարդան Արամյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի:
Վայր եմ դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել մեր երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում: Շնորհակալ եմ ՀՀ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ և անաչառ լուսաբանման համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել:
Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, տնտեսական կայունություն և զարգացման նոր հեռանկարներ, իսկ նոր կառավարությանը՝ հաջողություններ իր նախաձեռնություններում և ջանքերում:
Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար:
Հարգանքով ՝Վարդան Արամյան»,- գրել է Արամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում