Հիմա ԲՀԿ-ն ո՞ւմ պիտի միանա, որտե՞ղ պիտի միանա. Կարեն Քոչարյան

«Ստանդարտ հայկական ընտրություններ էին’ սկսած քարոզչությունից, վերջացրած արդյունքներով: Իսկ կուսակցությունների բողոքները’ կապված արդյունքների հետ, ընդամենը դեկլարատիվ բնույթ կրող բողոքներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում’ անդրադառնալով երեկ տեղի ունեցած’ Երևանի ավագանու ընտրություններին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Համեմատելով նախագահական և ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված տեխնոլոգիաներն ու ստացված արդյունքները, բանախոսը նշեց. «Նախագահականի հետ տարբերությունն այն էր, որ ընդդիմությունը ռազմավարական սխալ թույլ տվեց’ միայն սև փիառի տեխնոլոգիաներ կիրառեց: Բացարձակ սև փիառ էր ընթանում, որը չափից ավելի էր և ես կարծում եմ, այդ «չափազանցը» բացասական ազդեցություն ունեցավ»:

Այն հարցին, թե’ այս անգամ կարծեք թե ընդդիմադիր ուժերը ընդհանուր լեզու էին գտնում և արդյո՞ք այդ հանգամանքը դրական ազդեցություն չի ունեցել ընդդիմության վարկանիշի վրա, Կ. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ինչպես ցույց են տվել փաստերը, հետընտրական դաշինքի գաղափարը «հերթական փուչիկն» է եղել. «Ընդհանուր լեզու գտնելն այն կլիներ, երբ միանային: Մնացածը փուչիկ է, երբ ասում էին’ հետո կմիանան: Հիմա ԲՀԿ-ն ո՞ւմ պիտի միանա, որտե՞ղ պիտի միանա»:

«Կանխատեսելի էր, որ հատկապես այդ ընտրարշավով ՀՅԴ-ն նվազագույն շեմը չէր հաղթահարի: Լավ ընտրարշավ էր տանում Արմեն Երիցյանը, բայց ոչ ՕԵԿ-ը: Նա, որպես անհատ, ցույց տվեց, որ ոչ միայն մենեջեր կարող է լինել, այլև կարող է լինել բավականին լավ քաղաքական փիար պերսոն: Սա այն դեպքն է, երբ ամենալավ բժիշկն անգամ մեռածին չի կարող վերակենդանացնել»:

Քաղտեխնոլոգի համոզմամբ’ ՕԵԿ-ի’ ավագանու կազմում չընդգրկվելը ոչ թե Ա. Երիցյանի, այլ հենց կուսակցության խնդրով է պայմանավորված:

«Իսկ ՀԱԿ-ը զգաց հերթական քաղաքագիտական վերլուծությունների հետևանքը’ բուրժուադեմոկրատական հեղափոխություններով հանդերձ»,- հավելեց Կ. Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում