Ամերիկայի Հայկական Համագումարը կպարգեւատրի երեք արտակարգ անհատների

Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) այսօր հայտարարեց, որ հայ համայնքի վաղեմի բարեկամ կոնգրեսական Էդ Մարքին, Միդլսեքսի շերիֆ Փիթեր Կուտուջյանի հետ միասին կմիանա համայնքի անդամներին Համագումարի Ականավոր մարդասիրական մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Համագումարը կպարգևատրի երեք արտակարգ անհատների:Այս մասին հաղորդում է PanARMENIAN.net-ը` հղում անելով ԱՀՀ հաղորդագրությանը:

Միջոցառման հատուկ հյուրն է կոնգրեսական Էդ Մարքին (Միդլսեքս, Մասաչուսեթս), շերիֆ Փիթեր Կուտուջյանը կվարի միջոցառումը: Էն Հինտլյանը, Վիրջինիա Օհանյանը և Նվարթ Թալանյանը տասնամյակներ շարունակ մեծահոգությամբ, նվիրումով և պատրաստակամությամբ աջակցել են Համագումարին ի նպաստ իր նպատակներին և առաքելությանը: Իրենց կայուն աջակցության շնորհիվ է, որ Համագումարը շարունակում է իր աշխատանքը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում:

1972թ. Վաշինգտոնում հիմնված կազմակերպությունը նվիրված է ամերիկահայ շահերի պաշտպանությանը դաշնային և պետական մակարդակներում: Համագումարը վերջին չորս տասնամյակներում ծառայել է որպես համայնքի առաջնային պաշտպանը կարևորագույն հարցերի շուրջ կոնգրեսում և վարչակազմի հետ աշխատելիս: Այդ հարցերից են Հայաստանի և Արցախի անկախությունը, հայ-ամերիկյան ամուր կապի պահպանումը, մարդասիրական օգնությունը և տնտեսական զարգացումը Հայաստանում երկրաշարժից տուժած վայրերում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար լուծումը, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության փաստի վերահաստատումը:

«Իր ստեղծումից առ այսօր տկն. Հինտլյանը, տկն. Օհանյանը և տկն. Թալանյանը աջակցել են Համագումարին բոլոր հայերի բարեկեցության մակարդակի բարձրացման իր աշխատանքում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մեծ հաճույքով և պատվով Համագումարը շնորհում է իր Ականավոր մարդասիրական մրցանակը իրենց»,- շարունակեց Արդունին:

Մրցանակաբաշխության երեկոյից հետո Համագումարը կանցկացնի իր Հոգաբարձուների Ամենամյա հանդիպումը մայիսի 16-ին, Հայաթում’ Քեմբրիջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում