«Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի նոր կառավարությունում. ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են

«Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի նոր կառավարությունում. ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանում ձևավորվելիք կառավարության կազմում ներգրավված կլինի նաև «Ծառուկյան» դաշինքը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք: «Ծառուկյան» դաշինքը կառավարության կազմում ներգրավված կլինի, իսկ ՀՅԴ-ի հետ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանալու հանրային ճնշումն օգտագործելու միջոցով իր ուզած օրենսդրական նախաձեռնությունները խորհրդարանում անցկացնել, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Քանի դեռ կա հանրային աջակցություն, դա լիարժեք կերպով կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: Որ պահին չի լինի հանրային աջակցություն, ես կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ ժամկետներում է նախատեսում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն տրամաբանական ամենասեղմ ժամկետներում: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի ցանկանում գնալ, վարչապետն ընդգծեց, որ որոշումները կայացնում է հանրությունը:

Փաշինյանը նաև նշեց, որ չի պատրաստվում տապալել խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի ընդունումը: Դիտարկմանը, թե դրանով կսահմանափակվեն նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները, վարչապետն ասաց, որ Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների գնալու այլ տարբերակներ էլ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում