ԱՍՏՎԱԾ ՆԵՐԵՑ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ․․․

ԱՍՏՎԱԾ ՆԵՐԵՑ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ․․․

«․․․ՆԱ ՏԵՍՆՈՒՄ Է ԵՎ ՉԻ ԶԱՅՐԱՆՈՒՄ ՈՒ ՀԵՌԱՆՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ․․․ ԵՎ ԵՐԲ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ, ՄԵԶ ԼՎԱՆՈՒՄ Է ԴՐԱՆՑԻՑ, ԲԺՇԿՈՒՄ ԵՎ ՁՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՍՊԻՏԱԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ»

••• Եթե մեկին բարիք ես գործել, իսկ նա անշնորհակալ լինելով քո դեմ դուրս գա ու բամբասի քեզ, այդ դեպքում պարտավոր ես առավել ներողամիտ լինել, որպեսզի չկորցնես կատարածդ բարի գործի վարձը, այլ կրկնակին շահես. մեկը՝ բարի գործիդ դիմաց, իսկ մյուսը՝ համբերությանդ:

Նաև այն պետք է մտածես, որ դրանով Աստծո հեզության նմանությունն ես ցույց տալիս, որովհետև Նա ևս բարիք է գործում, բայց արհամարհվում է և չի բարկանում ու երես թեքում մեզանից: Եթե նույնիսկ մեկի նկատմամբ բարերար ես, սակայն այնքան բարերար չես, որքան Աստված, որովհետև Նա ստեղծեց մեզ ու խնամում է բազմապիսի բարերարություններով:

Իր արեգակն է մեզ վրա ծագեցնում, Իր անձրևը տեղացնում, օդը տարածում, աղբյուրները հոսեցնում, բույսեր ծլեցնում, աճեցնում ու պտղաբերության հասցնում, և մնացած բարիքները՝ ծովից ու ցամաքից եղած, ո՞վ կարող է թվել: Այս ամենից բացի խոստացավ տալ նաև երկնքի արքայությունը և անճառ ու հավիտենական հանգիստը:

Բայց մենք դեռ անարգում ենք Նրան ու անպատվում մեր անկարգություններով ու չարագործություններով, իսկ Նա տեսնում է և չի զայրանում ու հեռանում մեզանից, այլ ապաշխարության ճանապարհով նորից դեպի Իրեն է կանչում, և երբ խոստովանում ենք մեր մեղքերը, մեզ լվանում է դրանցից, բժշկում և ձյունից ավելի սպիտակ է դարձնում:

ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ — 12–ՐԴ ԴԱՐ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում