Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են Արգիշտի փողոցը, տեղում են նաև քաղաքապետին սատարողները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի հարակից Արգիշտի փողոցը: Մի խումբ ակտիվիստներ նստել են փողոցի երթևեկելի հատվածում և փակել երթևեկությունը: Ակտիվիստների մի խումբ էլ հավաքված է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ և փորձում են ներս մտնել ու միանալ շենքում գտնվող ակտիվիստներին:
Ոստիկանության աշխատակիցներն այս պահին փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը և թույլ չեն տալիս ակտիվիստներին ներս մտնել:
Ավելի վաղ ակտիվիստների մի խմբի հաջողվել էր ներխուժել քաղաքապետարանի շենք: Այս պահին նրանք շարունակում են այնտեղ մնալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և առաջին տեղակալ Կամո Արեյանը մի քանի անգամ ակտիվիստներին առաջարկեցին լքել քաղաքապետարանի շենքը` խոստանալով մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի ներկայությամբ քննարկում կազմակերպել, սակայն մերժում ստացան:
Ակտիվիստները շեշտում են, որ իրենց միակ պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է:
Քաղաքապետարանի դիմաց են հավաքվել նաև Տարոն Մարգարյանին սատարողները՝ ձեռքին՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով:
Քաղաքապետարան է եկել նաև այսօրվանից ԱԺ պատգամավորների մանդատն ստացած Ալեն Սիմոնյանը, ով Երևանի ավագանու անդամ էր «Ելք» խմբակցությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում