«Ակնկալում եմ արագ գործողություններ». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիական ակտիվիստների դեմ հարձակումներին և դիմեց ոստիկանապետին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներքաղաքական վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումների և դրանք քննելու հարցին: «Ապրիլին ունեցել ենք դեպքեր, երբ հարձակումներ են գործել և ջարդել ավտոմեքենաներ: Այդ գործերը պետք է քննվեն, և լուծվի անձանց ավտոմեքենաների խնդիրը, հասկանալ, ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել բոլոր գործերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, իսկ հարձակման տեսարանը տարածվել է համացանցում: «Պարզվում է, որ այդ գործը կարճվել է: Պետք է այս գործելակերպին վերջ տալ, արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ գնում ենք գործերի կարճման: Մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք գործերը բացահայտելու ճանապարհով, այսօր, ցավոք, այդ ուղերձները չկան, և հույս ունեմ, որ կտեսնենք: Պետք է ստուգվի կարճման որոշման օրինականությունը, որովհետև այն, ինչ մամուլը գրում է, պարզվում է, որ գործերը կարճելը օրենքի հետ կապ չունի»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ավելացրեց, որ համաձայն մամուլի տեղեկությունների, մի քանի օր առաջ անհատ անձինք «Երևան սիթի» խանութի մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. «Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական քննության չարժանանա: Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը, և ով է զոհը, քաղաքական որ թիմից է, որ ճամբարից և որ կուսակցությունից: Պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Պարոն Օսիպյան, ակնկալում եմ կոնկրետ և արագ գործողություններ»:
Արարատ Միրզոյանը միաժամանակ նշեց, որ պատրաստ է որպես վկա ներգրավվել տարբեր գործերի քննության ընթացքում, քանի որ դրանցից մի քանիսին եղել է ականատես:
Հետևեք մեզ նաև Telegram-ում