Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան
![Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. Զեյնալյան](https://times.am/v3/wp-content/uploads/2018/05/1d7e58e920e5e2b8ef74d4b51e60b185.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ այդ միջազգային փորձը տեղայնացվելու է:
«Մենք պետք է փորձենք դա տեղայնացնել համաձայնեցնել, քննարկել, գալ ընդհանուր հայտարարի և այն ներդնել Հայաստանում: Մենք պատրաստակամ ենք իրականացնել դա»,- ասաց Զեյնալյանը:
Հարցին` թե ինչով է այս մարմինը տարբերվելու նախորդ հակակոռուպցիոն մարմիններից` նա պատասխանեց. «Սա դեռ հայեցակարգ է և պետք է մշակվի: Կհաջողե՞նք, արդյոք, թե չենք հաջողի՝ պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք, ինչպիսի միջոցներ կներդնենք և ինչպիսի աջակցություն կստանանք, այդ թվում նաև ԶԼՄ-ների կողմից»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք կլինե՞ն հին կոռուպցիոն գործերով բացահայտումներ, Զեյնալյանն ասաց, որ այդ գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները :
«Մեր տեսակետը հետևյալն է, և մենք ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ գործելու է ոչ թե կոռուպցիայի կանխավարկածը, այլ անմեղության կանխավարկածը: Որևէ շեղում անմեղության կանխավարկածից և արդար դատաքննության սկզբունքներից թույլ չենք տալու: Եթե այդպիսիք երբևէ եղել են, դրանց շղթան կկտրվի»,- եզրափակեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում