ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԽ նախարարական համաժողովում շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: Դանիայի Էլսինոր քաղաքում մայիսի 17-18-ը կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 128-րդ համաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի օրակարգային թեմաները նվիրված էին «Եվրոպայի խորհրդի ապագային, արդի և պոտենցիալ մարտահրավերներին և դրանց ԵԽ արձագանքին», ինչպես նաև «Բազմակողմ դիվանագիտության սպառնալիքներին»։ Ի թիվս այլ հարցերի, մտքեր փոխանակվեցին նաև Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոռուպցիոն բացահայտումների և դրանց հետամուտ քայլերի վերաբերյալ։
Համաժողովի պաշտոնական նիստին դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Հայաստանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն այսպես կոչված «գորշ գոտիներ» և հակամարտության գոտիներում բնակվող անձանց իրավունքներն ու ազատությունները պետք է հարգված և պաշտպանված լինեն։ Այդ նպատակով անհրաժեշտ է երաշխավորել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև համապատասխան մոնիտորինգային մարմինների անարգել մուտքն այդ տարածքներ»։
Այս համատեքստում Հայաստանի դեսպանը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրեց Արցախի Հանրապետության կողմից մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միակողմանիորեն միանալու փաստին։ Շեշտեց Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ հավելելով, որ այն նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առանցքային սկզբունքներից է։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ զեկույցին՝ Պարույր Հովհաննիսյանը, հղում անելով «Deutsche Welle» գերմանական հեղինակավոր օրաթերթին, նշեց, որ «Ադրբեջանն ավելի հաջողակ է գտնվել իր արժեքները Արևմուտք արտահանելու գործում, քան՝ հակառակը»։ Համոզմունք հայտնեց, որ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում այս զեկույցի բացահայտումներին պետք է հետևեն համապատասխան քայլեր՝ օրինազանց այս գործողություններին օրենքի ողջ ուժով արձագանքելու համար։
Եզրափակելով, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց. «Եվրոպայի խորհուրդն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում։ Վերջին ներքաղաքական զարգացումները, որոնք հանգուցալուծվեցին հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում, վկայեցին Հայաստանի հասարակության՝ ժողովրդավարության գաղափարներին նվիրվածության և ՀՀ քաղաքական ուժերի հասունության մասին։ Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին։ Ակնկալում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությունն այս հավակնոտ գործընթացին՝ կյանքի կոչելու մեր հասարակության ձգտումներն ու ակնկալիքները»։
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը Դանիայից փոխանցվեց Խորվաթիային»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում