Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ համակարգում հովանավորչության յուրաքանչյուր դեպքի նկատմամբ լինելու է կոշտ արձագանք: «Հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԱԱԾ ծառայողները երբևէ չհայտնվեն նման իրավիճակներում: Մեծ համակարգ է, հազարավոր մարդիկ են աշխատում, չեմ կարող բացառել և երաշխավորել, որ նրանք բոլորն էլ լինելու են ազնիվ, բայց եթե նման դեպք լինի, ապա հետևելու է շատ կոշտ արձագանք»,- լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, համակարգում եղել են դեպքեր, երբ որոշակի մարդկանց առումով տարբեր տեղեկություններ են ստացվել, ուստի նրանց առաջարկվել է ազատել պաշտոնները: «Ես չեմ ընդունելու նման մոտեցում, եթե լինի երևույթ, որտեղ կլինի հանցակազմ, ապա այդ մարդը դատվելու է, ես չեմ փակելու աչքերս՝ ասելով, թող գնա: Չի լինելու այդպես, հանցագործություն թույլ տված անձը լինի իմ մտերիմը, ծառայակիցը, թե այլ մարդ: Բոլոր մտերիմներիս հստակ զգուշացրել եմ, խնդրել, որպեսզի հարգեն իմ այսօրվա կարգավիճակը, ստեղծված իրողությունները և իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան: Ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու՝ խախտում լինելու պարագայում» ,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում