Հոգեգալուստ

Հոգեգալուստ

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է
Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից
մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում
առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին.

«Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհաննես ԺԴ 26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք առաքելոց»-ում.

«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք Բ 1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Քրիստոնեական եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ:

Ըստ այդ վարդապետության յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստյան հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական Եկեղեցու սահմանած տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ:

Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է
շաբաթապահքի հաջորդ կիրակիին` սուրբ Եղիա մարգարեի հիշատակության տոնին:

Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում