Քննարկումներ Քաղաքացիական օրենսգիրքի փոփոխության շուրջ

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նախագծի փորձագիտական խմբի անդամներ պրոֆ. Դոկտոր Ռոլֆ Կնիպերին, րոֆ. Դոկտոր Հանս-Յոախիմ Շրամին (Բրեմենի համալսարան), Պրոֆ. Դոկտոր Լադո Չանթուրիանին (Թբիլիսիի և Կիլի համալսարաններ):

Ինչպես հաղորդում է դատական դեպարտամենտի կայքը, հանդիպմանը ներկա է եղել նաև GIZ գերմանական կազմակերպության «Հարավային կովկասում իրավական բարեփոխումների» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից ներկայացվել է Հայաստանում գործող դատական համակարգի ընդհանուր կառուցվածքը’ ընդգծելով մասնագիտացված դատարանների և դատավորների դերը: Ներկայացվել է նաև Վճռաբեկ դատարանի առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման հարցում:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցին, Կնիպերը և Չանթուրիան բարձր են գնահատել օրենսգրքի կարգավորվածության մակարդակը: Արձանագրվել է նաև, որ մոդելային օրենսգրքի հիման վրա ընդունված հետխորհրդային օրենսգրքերից Հայասատանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լավագույններից է, իսկ դրանում կատարված փոփոխությունների քիչ լինելը խոսում է հատկապես ինստիտուցիոնալ կարգավորվածության բարձր մակարդակի մասին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ունեն ուղղորդող և մեկնաբանող նշանակություն օրենսդրության կիրառման համար, և առավել արդյունավետ կլիներ այդ դիրքորոշումների հաշվառմամբ օրենսդրական փոփոխությունների առաջարկների ներկայացումը:

Քննարկվել է նաև գործարքների անվավեր ճանաչելը արբիտրաժներին վերապահելու հնարավորության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում