Երևանում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ. Տ. Մարգարյան
Նմանատիպ
«Չնայած կատարված աշխատանքներին, Երևան քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք ու եռապատկենք: Առաջարկություններ պետք է ներկայացնել նաև վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում: Վստահ եմ, որ մի քանի տարիների ընթացքում մեր ծրագիրը հաջողությամբ կավարտենք և կվերականգնենք ու կգերազանցենք մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ կանաչ բոլոր գոտիները նախևառաջ պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման և ձևավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել և տնկվել 250 հազար ծաղիկ:
Անդրադառնալով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը’ քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ և մեկ անգամ ևս ընդգծել, որ պարտավորություններից խուսափող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում