Բարձրագույն կրթության զարգացման միտումները առաջադրում են նոր մարտահրավերներ. Ա. Աշոտյան
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովին մասնակցել են կրթության ոլորտի միջազգային ու տեղական փորձագետներ, քննարկվել են Բոլոնիայի գործընթացին, Հայաստանում և Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրներում բուհերի ակադեմիական ազատություններին և կառավարմանն առնչվող մի շարք խնդիրներ:
Ա. Աշոտյանը բացման խոսքում ողջունեց մասնակիցներին և անդրադարձավ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին ու առկա խնդիրներին:
«Ակնհայտ է, որ այսօր կրթական համակարգն աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, բուռն զարգացում է ապրում և Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից: Բարձրագույն կրթության զարգացման այժմյան միտումները մի կողմից ապահովում են նոր հնարավորություններ, մյուս կողմից առաջադրում նոր մարտահրավերներ: Բուհերը կրթական համակարգի ամենամիջազգայնացված հաստատություններն են և նրանք ամենաակտիվն են զգում արտաքին գործոնների ազդեցությունը: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում մենք բուհական համակարգ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության խնդիր ունենք: Ունենք դեռևս խնդիրներ՝ կապված բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատությունների ու ինստիտուցիոնալ ինքնավարության հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
«Հետևելով հատկապես եվրոպական կրթական համակարգի զարգացումներին՝ մենք պատրաստ ենք և արդեն որոշակի քայլեր այդ ուղղությամբ կատարել ենք՝ ընդլայնելու բուհերրի ինքնավարության աստիճանը, այդ թվում կիրառել կազմակերպաիրավական ձևերի բազմազանություն՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների: Բայց դա հնարավոր է միայն բուհական համակարգում կառավարման բարձր որակի և ճշգրիտ մոդելների ներդրման և հանրության կողմից տվյալ բուհերի նկատմամբ արժանահավտության բարձր աստիճան ունենալու դեպքում»,- նշեց Աշոտյանը:
Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ 2005 թվականից՝ Հայաստանի Հանարապետության Բոլոնիայի գործընթացի անդամակցումից առ այսօր մեր բուհական համակարգը միջազգային ճանաչման առումով ակնհայտ առաջընթաց է ունեցել և այսօր Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար համարվում է արժանահավատ և վստահելի գործընկեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում