Արամ Սարգսյան. Երևանի ավագանու ընտրությունները անցել են նույն բովանդակությամբ, ինչպիսին որ Հայաստանում կայացած ցանկացած ընտրություն
Նմանատիպ
«Երևանի ավագանու ընտրությունները անցել են նույն բովանդակությամբ, ինչպիսին որ Հայաստանում կայացած ցանկացած ընտրություն: Եթե նախագահական ընտրություններում ժողովուրդը ինչ որ այլընտրանք տեսավ և գնաց նրա հետևից, ապա այստեղ այլընտրանք ժողովուրդը չտեսավ»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց ընդդիմություն կոչող ուժերը Երևանի ավագանու ընտրություններում չկարողացան միավորվել, չնայած դրա անհրաժեշտությունը կար:
«Ընդդիմությունը խոսեց շատ քաղաքականացված ընտրությունների մասին և չկարողացավ ինչ որ կոնկրետ ծրագրեր ներկայացնել ժողովրդին»,-նշեց բանախոսը:
Ըստ Ա. Սարգսյանի՝ ինքը զարմացած չէ ընտրությունների արդյունքներից, քանի որ ընտրողների ձայները պետք է բաժանվեին կուսակցությունների միջև և ամեն մեկը մի ինչ որ ձայների մաս տարավ:
«ՀՀԿ-ն արեց այն, ինչ անում է իշխող կուսակցությունը’ օգտագործեց իր հնարավորությունները և աշխատեց անհատի իմիջի հաշվին: Ամեն կերպ ներկայացվում էր Տարոն Մարգարյանի անձը, այլ ոչ թե ՀՀԿ-ն»,-նշեց Ա. Սարգսյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության գրանցած արդյունքներին՝ Դեմոկրատական կուսակցության նախագահն ասաց, որ ընդդիմության այսօրվա պատկերը կփոխվի:
«Կարծում եմ՝ ընդդիմության շրջանում կատարվելու է որակական փոփոխություն և մենք դրա փորձը ունենք’ 1995-1996թթ.-ին և 2003թ.-ին: Հիմա նույնպես ընդդիմության միավորման կարիք կա այն պլատֆորմի և այն ուժերի հետ, որոնք իրոք կարող են միասնաբար համագործակցել և աշխատել»,-նշեց նա:
Բանախոսն ասաց, որ ընտրակաշառք բաժանելով զբաղվում էին նաև իրենց ընդդիմադիր կոչող կուսակցությունները:
«Մեկը մյուսի վրա ցեխ էր շպրտում և ժողովուրդը հիասթափվեց այդ ամենից»,-հավելեց Ա. Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում