Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Որևէ արդյունաբերական, հանքային պրոբլեմ, որը ազդելու է մեր ջրային բազայի վրա՝ սկսած Սևանա լճից, մինչև մեր մյուս բոլոր լճերը, մենք պետք է շատ ուշադիր լինենք: Այս մասին նախագահական նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ես ինչ-որ իմաստով պետք է վստահ լինեմ, որ կանաչ նախագահ եմ: Այսինքն՝ իմ լիազորությունների սահմանում, անկախ նրանից՝ դա Ամուլսարն է, թե մյուս հանքերը, անպայման մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն և բոլոր որոշումները պետք է լինեն՝ ելնելով իրական փաստերից, գիտական կարծիքներից, ազգային պետական շահից և բնապահպանական շահից, որովհետև դա ամենամեծ արժեքներից մեկն է: Մենք չենք կարող աղտոտված երկիր թողնել մեր երեխաներին»,- նշեց նախագահը:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապին, Արմեն Սարգսյանը հայտնեց. «Ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ մեկ դոլարի շահ չունի կամ չի ունեցել Ամուլսարի հանքից:
Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ անկախ տնօրեն ընդամենը մի քանի ամիս, որն ունեցել է մի քանի նպատակ: Դա 5 տարի առաջ է եղել, ես եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, հետո հրաժարվել եմ այդ պաշտոնից և դրանից հետո «Լիդիանի» հետ որևէ կապ չեմ ունեցել»:
Նախագահը ևս մեկ հայտարարեց, որ իր համար չկա որևէ գերակա շահ, որն իրեն կհամոզի հաջողության հասնել՝ երկիրը ոչնչացնելով:
Նախագահը նաև պատրաստակամություն հայտնեց ցուցարարների խմբի հետ հանդիպել արդեն նախագահի նստավայրում և քննարկել Ամուլսարի հանքի և բնապահպանական այլ հարցեր:
Հանդիպման վերջում ցուցարարները նախագահին առաջարկեցին միասին ազգագրական պար պարել, ինչը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում