Ժամանակին ֆինանսական խախտումների հետ առնչված օպերան օրերս հիանալի ներկայացավ

Ժամանակին ֆինանսական խախտումների հետ առնչված օպերան օրերս հիանալի ներկայացավ

Նշվեց Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի ստեղծման 50-ամյակը

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ խաղացանկային հերթական՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի ներկայացումը: Մեծանուն կոմպոզիտորի հիշյալ օպերան ստեղծվել է կես դար առաջ՝ 1968թ., բեմադրող դիրիժորն էր Արամ Քաթանյանը, ռեժիսորը՝ Ռաֆայել Ջրբաշյանը, բեմադրության գեղարվեստական ղեկավարը՝ ռեժիսոր Վարդան Աճեմյանը, մի խոսքով՝ անվանի արվեստագետների խումբ: Մեկ տարի անց ներկայացման պրեմիերան էր, որտեղ մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանը հանդես է եկել Աննայի դերերգով, փաստորեն, նրա հրաժեշտն էր մեծ բեմին: Սայաթ-Նովայի դերերգով Վահան Միրաքյանն էր:

Հետագայում անվանի շատ երգիչներ էլ հանդես եկան գլխավոր դերերգերով, մեկ անգամ էլ օպերան ներկայացվեց Մեծ թատրոնում: Հետո, ինչպես ընդունված է խաղացանկային թատրոններում, ինչ-ինչ պատճառներով «Սայաթ-Նովայի» բեմական կյանքը կասեցվեց:

Թեեւ ծրագրված էր օպերան վերաբեմադրել 2010-ին՝ Ալ. Հարությունյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին, բայց միայն 40 տարի անց՝ 2011-ին այն բեմ վերադարձավ: Նոր «Սայաթ-Նովան» բեմադրելու առիթով հրավիրվել էր վրացի ճանաչված ռեժիսոր Գիզո Ջորդանիան, դիրիժորն էր Յուրի Դավթյանը: Պետբյուջեից հատկացվել էր 50 մլն դրամ: Սակայն բեմադրական աշխատանքներն ուղեկցվեցին աղմուկով… Վերահսկիչ պալատը ՀՀ մշակույթի նախարարությունում չարաշահումներ էր արձանագրել եւ կասկածի տակ դրել այս օպերայի բեմադրման համար բյուջետային միջոցների նպատակահարմարությունը: Ի դեպ, դեռեւս 2006թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդից շուրջ 14 մլն դրամ էր հատկացրել օպերայի բեմադրական աշխատանքների համար:

 Անցնենք մշակութային մասին. ծագել էին նաեւ ստեղծագործական խնդիրներ: Այդ առիթով «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան՝ օպերային թատրոնից հայտնել էին, թե պատճառը վրացի ռեժիսորի եւ Հարությունյանի ընտանիքի հետ ունեցած տարաձայնություններն են: Արդյունքում՝ Գիզո Ջորդանիան վերադարձավ Վրաստան, բեմադրությունը վստահվեց ռեժիսոր Արամ Սուքիասյանին: Նշենք, որ նոր բեմադրության պրոդյուսերը Ալ. Հարությունյանի դուստրն է՝ Նարինե Հարությունյանը, նկարչական ձեւավորողն էլ՝ կոմպոզիտորի թոռնուհին՝ Արաքսի Քուչուկյանը: Ժամանակին Նարինե Հարությունյանը բեմադրության առիթով մեզ ասել էր՝ «Նոր բեմադրության մեջ հարազատ եմ մնացել «թատրոն թատրոնի մեջ» շեքսպիրյան սկզբունքներին՝ օպերային բեմ բերելով ու բարձրակարգ երաժշտության հետ շաղախելով դրանք: Վստահ եմ՝ շեքսպիրյան սկզբունքները էլ ավելի վեր կբարձրացնեն ցանկացած երաժշտական բեմադրություն: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվել է»:

Այս քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն օգտագործել է անվանի աշուղի մի քանի երգ: Օպերային բնորոշ են գունեղ զանգվածային տեսարաններն ու երաժշտական լեզվի պարզությունը: Հիանալի էր օրերս կայացած «Սայաթ-Նովան», որին ներկա էին նաեւ մեծ թվով զբոսաշրջիկներ: Նվագախումբը, երգչախումբը, մեներգիչները դիրիժոր Հարություն Արզումանյանի մեկնաբանմամբ իսկապես բարձրարվեստ ներկայացրին մեծակտավ այս ստեղծագործությունը: Գլխավոր դերերգերով հանդես եկան Աննա Այվազյանը՝ Աննա եւ Հովհաննես Այվազյանը՝ Սայաթ-Նովա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում