Տրակտորներ արտադրող բելառուսական ընկերությունը դատի է տալիս ԲՀԿ-ականին

Բելառուսական տրակտորներ արտադրող Бобруйский ընկերությունը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս շարունակի չվճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«Ըստ բելառուսական կողմի՝ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Բելառուս-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր՝ «Վ. Կարապետյան եւ ընկերներ» ընկերության համար՝ 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ Բելառուսական գործարանը «Հայաստանի կառավարության հանդեպ մեծ վստահությունից ելնելով», մայիսին պայմանագիր է կնքել, եւ հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան՝ պայմանով որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ։

«Ժամանակի» հետ զրույցում երեկ բելառուսական ընկերության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատո Սարիկ Վասիլեւիչը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Վ. Կարապետյանն իրենց պարտք է 49 հազար 130 ԱՄՆ դոլար։

ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ տրակտորների գնի մի մասը վճարել են. «Վճարել ենք՝ ամեն ինչ փոխպայմանավորվածությունից ելնելով։ Եթե թերի ա, բռակ ա, դրա համար հո վճարում չե՞նք անի։ Տրակտորի փոխանցման տուփը որ չախշատի, էդ տրակտորը էլ ո՞վ կառնի, ո՞ւմ ա պետք դա»,- պնդեց նախկին փոխնախարարը։

Հետաքրքրվեցինք, թե այդ տրակտորները կապ ունե՞ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի բաժանած տրակտորներ հետ եւ հնարավո՞ր է՝ դրանք ԲՀԿ-ի համար էին բերվել, նախկին փոխնախարարը հայտարարեց. «Ոչ; Դա բերել է իմ տղան, ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ն…»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում