Յուրի Վարդանյանը պատրա՞ստ է աշխատել Ծառուկյանի ղեկավարությամբ

«Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ այլեւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրել է, թե պատրա՞ստ է վերջինս աշխատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը» եւ հավելում. «Խնդիրն այն է, որ վերջին տարիներին սպորտի նախարարությունը գործում է Ազգային Օլիմպիական կոմիտեի, այսինքն՝ Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո: Աշխարհահռչակ ծանրորդ-նախարարը պատասխանել է. «Ձեր հարցին հետո կպատասխանեմ: Դեռ իմ նշանակման պաշտոնական հայտարարությունը չի եղել»:

Մեր թղթակցի դիտարկմանը, թե՝ հենց պաշտոնապես նախարար դառնաք, անհասանելի եք լինելու, Վարդանյանը խոստացել է, որ այդպես չի լինելու: Նորանշանակ նախարարին թեւանցուկ ուղեկցելիս է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով լրագրողներին հուշել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, կոռեկտ չէ, որ նախարարը հարցերին պատասխանի: «Էթիկայի խնդիր կա: Մի քանի օրից կպատասխանի»,- ասել է նա եւ Վարդանյանի հետ նստելով մեքենան՝ հեռացել են Մելիք-Ադամյան փողոցից»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում