Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Իվան Ահեղի նկարը

Տրետյակովյան պատկերասրահում վնասել են Իվան Ահեղի նկարը

Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երեք տեղով վնասված են գտել ռուս հայտնի նկարիչ Իլյա Ռեպինի՝ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը» նկարը: Կտավը վնասվել է այն հատվածում, որտեղ պատկերված է արքայազնը: Կոտրված ապակին վնասել է շրջանակը:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, բարեբախտաբար չեն վնասվել ամենաարժեքավոր հատվածները՝ արքայի ու նրա որդու դեմքի ու ձեռքերի մասը:

Ըստ աղբյուրի, նկարի վրա մետաղի կտորով մի տղամարդ է հարձակվել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել չարագործին, նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Մշակութային ժառանգության ոչնչացման կամ վնասման հատկանիշներով:

Հանցագործության միտումները հայտնի չեն, նրան սպառնում է տուգանք կամ էլ մինչև վեց տարվա ազատազրկում:

Հեղինակը կտավը վրձնել է 1883-ից 1885 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են՝ 99.5 × 254 սմ։ «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» կտավը հայտնի է նաև «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» անունով:

Այստեղ նկարիչն անմահացրել է այն դրվագը, որտեղ Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության ու մոլուցքի պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին: Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը: Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից:

Նկարի ստեղծման մասին Իլյա Ռեպինն այսպես է նկարագրում. «Նկարում էի մի շնչով, տառապում էի, կրկին ու կրկին վերապրում, նորից ուղղում արդեն նկարված հատվածները, հիվանդագին կերպով թաքցնում էի ուժերս, կրկին նահանջում ու գնում հարձակման: Ինձ երբեմն րոպեական սարսափն էր պատում: Ես հետ էի շրջվում նկարից, թաքցնում էի այն: Իմ բարեկամների մոտ կտավը նույն տպավորություններն էր թողնում: Բայց ինչ-որ բան ինձ ձգում էր դեպի այդ կտավը և ես կրկին սկսում էի աշխատել»:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում