ՀՀ ՊՆ-ի կողմից ռազմական արդյունաբերության զարգացման միջոցառումների նոր ցանկ է մշակվել

 ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններին  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այն քաղաքական ուժը, որը մեծ կշիռ ունի եւ հաջողության է հասել նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում, որոշակի փոփոխությունների ճիշտ որոշում է ընդունել:

Այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գոհ է իր աշխատանքից՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ որպես իր աշխատանքի գնահատական կարող են լինել այն դժվարությունները, որոնք հաղթահարում է իր գերատեսչությունը:

Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ ռազմական արդյունաբերության զարգացման համար միջոցառումների ցանկ է մշակվել, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը: Նա տեղեկացրեց, որ բացի նոր զինատեսակների ձեռքբերումից եւ հագեցումից, նաեւ ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրեր կիրականացվեն՝ այդ հարցում համագործակցելով Ռուսաստանի եւ Լեհաստանի հետ: Նա նշեց նաեւ, որ աշխատանքի ընթացքում կլինեն արտագնա տարբեր այցելություններ, միջազգային միջոցառումներ: «Սովորականի նման կլինեն նաեւ անսպասելի ստուգումներ, որոնք օգնում են զգոն վիճակ ապահովել թե զինված ուժերի մարտունակության առումով, թե այն մարդկանց համար , ովքեր փորձում են ինչ-որ չարաշահումներ իրականացնել»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում