Պաշտոնից հեռացավ ԲՀԿ վերջին մոհիկանը

Երեկ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանը որոշել է «հրաժարական տալ», «Ժողովուրդ»-ը զրուցել է նրա հետ: Դուք կրկնակի հրաժարակա՞ն եք տվել. «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռոստոմյանը պատասխանել է. «Մենք հրաժարական տվել ենք ինագուրացիայի օրը»: «Այսինքն՝ Դուք այս պահին շարունակում եք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքները կատարել»: «Ի՞նչ ասեմ»:

«Դուք՝ որպես նախարարի պաշտոնակատար, հիմա աշխատո՞ւմ եք»: «Այս պահի դրությամբ այո, իհարկե»: «Բայց լուրեր կան, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն արդեն համաձայնել է Ձեր պաշտոնը ստանձնել»: «Խնդրում եմ, էլի, առանց մեկնաբանությունների, հիմա ինձ հարմար չէ, աշխատանքային պրոցեսի մեջ եմ, հետո կխոսենք»: «Իսկ ե՞րբ է Ձեզ հարմար հարցերին պատասխանել»: «Ժամը 6-ի-ն զանգեք»:

«Ժողովուրդ»-ը ժամը 18:00-ից հետո զանգահարել է Ռոստոմյանին, որն ասել է, թե այլևս չի ցանկանում որևէ բան մեկնաբանել. «NO COMMENT»: Հավանաբար, արդեն գուժել էին, որ պետք է լքի նախարարի տաքուկ սենյակը, այլևս մեկնաբանելու բան չկար: Այսպիսով, ԲՀԿ-ն հրաժարվեց իր վերջին իշխանական պորտֆելից՝ խզելով բոլոր տեսակի կապերը ՀՀԿ-ի հետ: Միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ և ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում