Արցախի մասին նոր վավերագրական ֆիլմ Չեխիայի հեռուստատեսության եթերում

Արցախի մասին նոր վավերագրական ֆիլմ Չեխիայի հեռուստատեսության եթերում

Մայիսի 22-ին չեխական ČT2 հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ է ցուցադրել Արցախի մասին։

«Յոթ աստղ Լեռնային Ղարաբաղի երկնքում» (Sedm hvězd nad Náhorním Karabachem) 52-րոպեանոց ֆիլմի հեղինակներ Մարտին Մահդալը (Martin Mahdal, ռեժիսոր) և Մարկետա Ադամցովան (Markéta Adamcová, պրոդյուսեր) պատմում են իրենց՝ Արցախ կատարած ճամփորդության մասին։ Վավերագիրները նպատակ էին դրել չեխ հանդիսատեսին ցույց տալու, թե ինչպես է ապրում ազատագրական պայքարի միջոցով անկախություն ձեռք բերած, միջազգայնորեն չճանաչված, սակայն ժողովրդավարական պետականության բոլոր ատրիբուտները կերտած Արցախի Հանրապետության ժողովուրդը։

Ըստ հեղինակների, Լեռնային Ղարաբաղը մի վայր է, որ պարուրված է բազմաթիվ առասպելներով, մի երկիր է, որ միահյուսվել է կախարդական պատմությունների հետ, մի տեղ, որ լի է գեղեցիկ տեսարաններով, և, ամենակարևորը՝ բարի մարդկանցով:

Ֆիլմում ցուցադրված են բազմաթիվ հարցազրույցներ տեղաբնակների, ինչպես նաև Արցախ այցելած չեխ քաղաքագետ Տոմաշ Շմիդի հետ։ Հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնելու, որ, չնայած գրեթե 30 տարի շարունակվող ազատության համար պայքարի դժվարություններին, արցախցիները պահպանել իրենց հպարտությունն ու հայրենասիրությունը։

«Յոթ աստղ Լեռնային Ղարաբաղի երկնքում» վավերագրականը ֆիլմը չափազանց գունեղ է, իրական, բարի և մարդկային, այն հիրավի կարելի է Արցախի այցեքարտ համարել։ Դրա մասին են վկայում չեխ հանդիսատեսի բազմաթիվ դրական արձագանքները և այն հանգամանքը, որ Չեխական հանրային հեռուստատեսությունն այն ևս երկու անգամ է ցուցադրեց իր եթերում՝ մայիսի 24-ին և 28-ին։

Ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով.
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում