«Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները հայտնի են

«Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները հայտնի են

Կայացել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կողմից շնորհվող՝ Անահիտ Բայանդուրի անունը կրող «Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը: Միջազգային այս մրցանակը հանձնվում է արդեն 7-րդ անգամ:

Խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած բացառիկ աշխատանքի համար «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակին» այս տարի արժանացան իրավապաշտպան Խին Օհմարը (Բիրմա) ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը (ԱՄՆ) և լրագրող, իրավապաշտպան Մայն Բալմանը (Կիպրոս):

Ամերիկահայ հայտնի ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը 2010թ.-ից աշխատում է Աֆրիկայում: Նա փաստագրում է Հարավային Սուդանի հակամարտության, Սոմալիի պայքարի, Բուրունդիի բողոքի ցույցերի և Սուդանի Դարֆուր նահանգի պատերազմի մասին: Օհանեսյանի ֆոտոաշխատանքները հրապարակվել են Al Jazeera-ում, The Wall Street Journal-ում, National Geographic-ում, The New Yorker-ում, The New York Times-ում, TIME-ում: Օհանեսյանը խիզախության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Բիրմացի Խին Օհմարը մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարության հաստատման ջատագով է: Կյանքի 30 տարիների ընթացքում աչքի է ընկել խաղաղության և արդարության համար ծավալած ակտիվ գործունեությամբ:

Մինե Բալմանը ստեղծել է հայտնի «Միասին» (2017թ.) ֆիլմը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 1963թ Կիպրոս կղզու թուրքերի և հույների միջև սկսված միջհամայնքային պայքարն ազդել նաև տեղի հայերի վրա:

Մրցանակակիրները առաջադրվել էին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն միջոցառման ժամանակ նաև հատուկ պատվոգրեր շնորհեց:

«Խաղաղության և մարդու իրավունքների կրթության բնագավառում կատարած ակնառու աշխատանքի համար» հատուկ պատվոգրի արժանացավ Քեթրին Հերցոգը (Բելգիա): Ով որպես խաղաղաշինության, վերականգնման, սթրեսների կառավարման և կարողությունների զարգացման դասընթացավար ուսուցանել է ավելի քան1500 մարդ (այդ թվում նաև լրագրողների, փախստականների, բանտարկյալների):

Հատուկ պատվոգրի արժանացավ նաև EVN Report կայքը, որի ներկայացուցիչները որպես կին լրագրողներ ժողովրդավարության և մարդու իրավունքների լրագրության ոլորտում ներդրում են ունեցել:

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանացավ նաև լրագրող Տաուս Սերգանովան (Չեչնիա):

Մրցանակակիրներին պարգևները հանձնեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Հրանտ Բագրատյանը ( ՀՀ վարչապետ 1993-1996թթ., ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր 2012-2017թթ.), կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ամերիկահայ դասախոս Ջուդիթ Սարյանը, ԻԲԻՍ կենտրոնի գլխավոր տնօրեն Կրիստիան Բարբիերը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Ն.Գ. պրն Ջոնաթան Լաքոտը՝ ՀՀ-ում ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանի` Սուդանում կատարած աշխատանքի` լուսանկարների բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկայացվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում մեծ ներդրումներ ունեցած կանանց` Զապել Եսայանի , Անահիտ Բայանդուրի Իրինա Սենդլերի մասին պատմություններ: Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ «Ծիրանի» անսամբլը և Էկա Հորստկան: Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին ներկայացվեցին Բերտա Մարտիրոսյանի՝ «Թավշյա հեղափոխության» մասին պատմող լուսանկարները:

«Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է:

Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ կին խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսելը և աջակցելը:

Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի նախորդ տարիների դափնեկիրներն են.

Իննա Հայրապետյանը (Չեչնիա, , ՌԴ),Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ), Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ), Խադիջա Իսմայիլովան (Ադրբեջան), Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան), Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ), Մեգի Բիլբիլուրին (Վրաստան), Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն), Իրինա Կիշուկովան (Կաբարդինո – Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ), Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ), Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ), «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա), Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ), էլիկո Բենդելիանին (Վրաստան): «Բաղդադի կանանց ասոցիացիա», Բարվին Մոհամմեդ Ամին (Իրաք), Քաթերին Ռոնդերոս (Կոլումբիա):

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում