Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ, կավելացվի ևս մեկ նախարարություն

Այսօր տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը:

Կառավարությունն իր հավանությունը տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

Նախագծերի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ, կավելացվի ևս մեկ նախարարություն: Ներկայացնելով նախագիծը’ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ կառավարության կազմում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը, և կառավարության՝ վերջին տարիների գործունեությունը վկայում է, որ այս նախարարության կարիքը կա: Թովմասյանի խոսքերով’ այս փոփոխությունները կնպաստեն որոշակի խնդիրների լուծմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բեռը, որ դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա, ավելանում է: «Սա բխում է նաև այն գաղափարախոսությունից, որ նախագահը առաջարկեց, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների թիվը մեր կառավարությունում, որպեսզի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում