ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել մի շարք որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք ընդունելու դեպքում կբարձրանան դատական ակտերի հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը և այլն։

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն/բարձրագույն մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագետների ընտանիքի անդամների’ վարձատրվող աշխատանքի թույլտվության համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։ Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։

Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Օգտվելով առիթից ուզում եմ մայիսի 9-ի’ այս համազգային տոնի կապակցությամբ շնորհավորել մեր բոլոր քաղաքացիներին։ Համոզված եմ, որ Շուշիի ազատագրումով հայ ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվում, և կարծում եմ, որ առաջին հերթին մեր շնորհավորական խոսքը պետք է հղենք մեր ազատամարտիկներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հաղթանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում