Տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացումը
Նմանատիպ
Հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ter-hambardzum.net-ը։
Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է ազնիվ բարերարությամբ Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:
Արարողությանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Արագածոտնի թեմում սպասավորող հոգևորականներ, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը, Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ և այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամներ:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, ապա ամենքը «Քրիստոֆ Արմեն Քաբաբջյան» սրահում ներկա գտնվեցին այս առիթով կազմակերպված միջոցառմանը:
Բացման խոսքով հանդես եկավ Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանը:
Այնուհետև խոսք ասաց բարերար Նադիա Քաբաբջյանը՝ անդրադառնալով նորակառույց հայորդյաց տան կառուցմանը՝ ի հիշատակ իր որդու՝ Քրիստոֆ Քաբաբջյանի: Տիկին Քաբաբջյանը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իրենց խնդրանքին ընդառաջելու և այս մտահաղացմանը ցուցաբերած աջակցության համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը և Սաղմոսավան համայնքի ղեկավար Գևորգ Ավագյանը:
Ապա ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները:
Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը: Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար: Սրբազանն այդ կապակցությամբ նաև իր շնորհակալությունը հայտնեց մարզային իշխանություններին՝ ի դեմս մարզպետ Աշոտ Սիմոնյանի, և շինարար Գագիկ Կարապետյանին:
Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն ի մասնավորի նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն՝ հայորդյաց տուն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները և կրթական հաստատության հարկի ներքո զարգացնեն ու զորացնեն իրենց տաղանդները՝ դառնալով արժանավոր զավակներն ազգի, հայրենիքի և մեր սուրբ Եկեղեցու: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Սաղմոսավանի հայորդյաց տունը Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող 10-րդ նույնաբնույթ կրթական հաստատությունն է:
Վեհափառ Հայրապետը հայորդյաց տան բացման կապակցությամբ իր բարձր գնահատանքը փոխանցեց բարերարներին, Կլոր սեղան հիմնադրամին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել կրթօջախի կառուցման գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով հայցեց, որ Տերն Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ պահի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը՝ ուղեկցությամբ Մկրտիչ Սրբազանի և բարերարների, շրջեց նորակառույց հայորդյաց տանը և ծանոթացավ մանուկների համար ստեղծված պայմաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում