«Շպիոնաժի» ավանդույթը վերանալո՞ւ է, թե՞ ոչ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ պետին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայությունը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ գաղտնալսումները իրականացվելու են միայն դատարանի որոշումների հիման վրա: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։
Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ տարիներ շարունակ իրենց հեռախոսները գաղտնալսվել են՝ չունենալով որևէ իրավական հիմք: «Քաղաքական զրույցներից սկսած մինչև կենցաղային, անձնական զրույցները մեր ընտանիքի անդամների միջև գաղտնալսվել են, հետո դրանք ինչ-որ կերպ դուրս են եկել, արտացոլվել են: Եվ ես ցանկանում եմ, որպեսզի Դուք՝ որպես կարևորագույն կառույցի ղեկավար, հայտարարեք՝ այդ «շպիոնաժի» ավանդույթը վերանալո՞ւ է, թե՞ ոչ»,- հարցրեց Զոհրաբյանը:
Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում: «Գաղտնալսումները, գաղտնի ձայնագրությունները կատարվելու են բացառապես դատարանի որոշումների հիման վրա: Այլ կերպ հնարավոր չէ: Ես ձեզ հավաստիացնում եմ և պաշտոնապես ասում եմ՝ որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում