ԱԱԾ-ն սուպերմարկետների գործով կհարցաքննի ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ, նա կհարցաքննվի. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել այն բանակցություններին, որի ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ –ների միջոցով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:
«Եթե մարդը նշանակվում է պաշտոնի, դա չի նշանակում, որ նա դառնում է անձեռնմխելի: ՊԵԿ-ի փոխնախագահը, որը հայտնի հայտարարություն է արել, այսօր-վաղը որպես վկա կհրավիրվի ԱԱԾ, կտա ցուցմունք եւ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»,-շեշտեց Վանեցյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե տնտեսավարողները պնդում են, որ գյուղմթերքը նման կերպ են ձևակերպել, որ օգնեն գյուղացիներին, Արթուր Վանեցյանը ասաց.
«Գյուղացիներին դրսից ներկրված բանան, նարինջ, ելակ ու լոլիկ ծախելո՞ւ հարցում են օգնել: Ներկրված ապրանքներն ավելի մեծ տոկոս են կազմել, քան տեղի արտադրանքը: Տեղի արտադրանքը վաճառվել է տեղի շուկաներում»,-շեշտեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին, թե տնտեսավարողները պայմանավորվածությունների համաձայն են գործել՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են և ինքը չի մեկնաբանում:
«Ի՞նչ է նշանակում եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն: Ինչո՞ւ նույն «Քարֆուրը» այդ ապօրինի սխեմայով չի գործել: Սա մի ընդունեք որպես գովազդ, ուղղակի բոլորին հայտնի է: Մնացած բոլոր խանութներն ինչո՞ւ դրանից չեն օգտվել, օգտվել են միայն 11 տնտեսվարողներ»- ասաց նա:
Արթուր Վանեցյանը ընդգծեց նաև, որ եթե գումարները վերադարձվեն բյուջե, ապա քրեական պատասխանատվությունից կազատվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում