Խոշոր սուպերմարկետների կողմից հարկային չարաշահումների գործով ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին խոշոր սուպերմարկետների կողմից հարկային չարաշահումների քրեական գործով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով Ռաֆիկ Մաշադյանի հայտարարությանը, թե ինքը տեղյակ է եղել, որ խոշոր սուպերմարկետները պայմանավորվածություն են ձեռք բերել գյուղմթերքի և մսամթերքի մասով աշխատել ԱՁ-ներով և ոչ թե ԱԱՀ հարկման դաշտում՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այդ հայտարարության համար Մաշադյանին արդեն իսկ ծանուցում են ուղարկել և հրավիրել են ԱԱԾ հարցաքննության: «Կհրավիրենք հարցաքննության, որից հետո պարզ կդառնա նրա կարգավիճակը և ներգրավվածության աստիճանն այդ ամենի մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում, նրան նշանակեցին ՊԵԿ նախագահի տեղակալ, երբ ԱԱԾ-ն նրա մեջ ռիսկ է տեսնում, որ գուցե ներգրավված է եղել այդ կոռուպցիոն սխեմայում, Վանեցյանն ասաց․ «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնի, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի»,– ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում