Կկայանա Արմեն Թուունջյանի «Ջազը Հայաստանում» գրքի շնորհանդեսը
Նմանատիպ
Հունիսի 8-ին կկայանա ճանաչված ջազային երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրներից Արմեն Թութունջյանի` Չիկոյի «Ջազը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:
«Գիրքը ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման եւ զարգացման 80-ամյա պատմությունը: Այնտեղ ավելի քան 150 երաժիշտ-կատարողների ստեղծագործական դիմանկարներ են, նաեւ ուշադրության է արժանացել հայկական ծագումով ականավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Թութունջյանի որդին` Հայկ Թութունջյանը:
Նա հիշեցրեց, որ գրքի առաջին հրատարակությունը եղել է 2014-ին` ռուսերեն: Հայկ Թութունջյանի տեղեկացմամբ, նորատիպ գրքի տարբերությունը նախորդից միայն հայալեզու լինելը չէ: «2014-ից մինչ օրս Հայաստանում եղել են բազմաթիվ ջազային իրադարձություններ, ջազարվեստն իր ակտիվ կյանքով է ապրել: 2017 թ. հունիսի 8-ին «Գինի եւ ջազ» փառատոնում տեղի ունեցած ելույթից 4 օր անց Արմեն Թութունջյանը մահացավ:
Իր մահից հետո եւս եղել են բազմաթիվ ջազային իրադարձություններ, համերգներ, երիտասարդ շնորհալի երաժիշտներ, ուստի անհրաժեշտ եմ համարել, որ չխախտվի գրքի ժամանակագրական շարունակականությունը, եւ գրքի հայերեն տարբերակում կատարվել են որոշակի թարմացումներ, արձանագրվել է այն ամենը, ինչը դուրս էր մնացել գրքի ռուսերեն տարբերակից:
Նաեւ իմ տպավորություններն ու հիշողություններն եմ պատմել անցյալ տարի հունիսի 2-4-ը տեղի ունեցած ջազ փառատոնի մասին, որը, փաստորեն, հորս համար վերջինն էր»,- ասաց երաժշտի որդին:
Պարզեցինք, որ գրքում անդրադարձ կա նաեւ 2017 թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցած Արմեն Թութունջյանի հիշատակի համերգին, որը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Նրանից տեղեկացանք, որ գրքի հավելվածում տեղեկություններ կան իրենց առաջին քայլերն անող այն ջազային երաժիշտների մասին, որոնք տեղ չէին գտնել առաջին գրքում, ինչպես նաեւ որոշ ջազային իրադարձությունների մասին, որոնք Արմեն Թութունջյանն արդեն նկարագրել էր եւ պատրաստվում էր ներառել լույս տեսնելիք գրքի հայերեն տարբերակում, սակայն չհասցրեց:
«Այժմ` Արմեն Թութունջյանի մահվան առաջին տարելիցին ընդառաջ, որը որ հենց հունիսի 8-ին է, փորձում ենք ավարտին հասցնել իր սկսած եւ կիսատ մնացած գործը»,- հավելեց Հայկ Թութունջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում