Ինչպե՞ս կլուծվի «Լեռնային պար» խմբաքանդակի ճակատագիրը

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի մայիսի 8-ի նիստում քննարկվեց «Դվին» հյուրանոցի տարածքում տեղակայված «Լեռնային պար» խմբաքանդակի ճակատագիրը: Նիստին մասնակցեցին քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, մշակույթի ենթահանձնաժողովի անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ՀԽ անդամներին քանդակագործ Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց, որ արձանը տեղադրվել է 1982թ-ին եւ մինչեւ 90-ականներն այն պատվավոր տեղ եւ նշանակություն է ունեցել մայրաքաղաքում: Խնդիրներ են առաջացել այն ժամանակ, երբ «Դվին» հյուրանոցը նոր սեփականատեր է սկսել ունենալ: «Քանդակն իրոք ողբերգական վիճակում է, 80 տոկոսն արդեն ավերված է, թալանվել է: Այնպիսի տպավորություն է, որ իմ կենսագրության 10-15 տարիները դուրս են շպրտել»,- ցավով արձանագրեց քանդակագործը:

Տիգրան Արզումանյանը նաեւ նշեց, որ նյութական միջոցների առկայության պարագայում ինքը կարող է վերականգնել ավերված եւ փչացած հատվածները: «Ես ինքս կարող եմ վերականգնել, եւ իտալացի մասնագետներ պետք չեն լինի»,- ասաց նա’ ընդգծելով, որ «Լեռնային պար» խմբաքանդակը միշտ էլ եղել է Երեւանի այցետոմսերից մեկը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ընդգծեց, որ քանդակ-հուշարձանը պետական սեփականություն է: Նրա փոխանցմամբ’ 2004 թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ «Դվին» հյուրանոցային համալիրը վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին, որը ներկայում անվանվում է «ՍԻ ՍԻ ՋԻ Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ: Գնորդը պարտավորվել է 5 տարվա ընթացքում այն վերակառուցել, սակայն դա չի արվել:

Հանրային խորհրդի անդամները կոչ արեցին տալ խնդրին հասարակական հնչեղություն’ հուշարձանի հետ կատարվածը բնութագրելով որպես վանդալիզմ: Նրանք որոշեցին համապատասխան փաստաթուղթ պատրաստել, հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը խնդրին, որպեսզի քանդակը վերականգնվի հստակ ժամանակահատվածում:

Արձանը տեղադրվել է 1984 թ-ին Պռոշյան փողոցի 40 հասցեում’ «Դվին» հյուրանոցի մերձակա տարածքում: Պղնձաձույլ քանդակը դեկորատիվ առաջին քանդակներից էր, որ ուներ ազգային բնութագիր: Այն ունի 4 մ բաձրություն: 1980 թ-ին քանդակը ներկայացվել է Մոսկվայում տեղի ունեցած քանդակագործների միջազգային ցուցահանդեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում