Դատարանն անհիմն ակտ է կայացրել. դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի՝ Ավանի թաղապետարանի պաշտոնյային չկալանավորելու որոշման դեմ

Դատարանն անհիմն ակտ է կայացրել. դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի՝ Ավանի թաղապետարանի պաշտոնյային չկալանավորելու որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը պատշաճ վերլուծությամբ չի գնահատել ներկայացված ապացույցները, արդյունքում կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որի դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. հունիսի 5-ին բերվել է վերաքննիչ բողոք:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դատախազը բողոքարկել է դատարանի՝ Տոնոյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։

Դատախազության հանրային կապերի բաժնից գործի վերաբերյալ հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2018թ. հունիսի 1-ին որոշում է կայացվել Կարեն Տոնոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Նույն օրը վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, և դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

2018 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

«Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Կ.Տոնոյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Կ. Տոնոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած: Այլ խոսքով, դատարանը գտել է, որ միջնորդության քննարկման ժամանակ ներկայացված փաստական տվյալները և ապացույցները քանակական և որակական տեսանկյունից բավարար չեն ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրված արարքին մեղադրյալի առնչությունը փաստելու և որպես դրա հետևանք՝ նրան անազատության մեջ պահելու համար:

Դատախազությունում հիշյալ դատական ակտի, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության, կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կ.Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը պատշաճ վերլուծությամբ չի գնահատել ներկայացված ապացույցները, արդյունքում կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որի դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. հունիսի 5-ին բերվել է վերաքննիչ բողոք»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրյալ է նաև և Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանը, ում նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում