Չէի ցանկանա, որ մեր նախարարներն այդքան կենտրոնանան անցյալի վրա. Կարինե Հակոբյան
Նմանատիպ
ՀՀ կառավարության ծրագիրը ոչ երկարաժամկետ գործունեության համար է՝ լակոնիկ, հիմնական շեշտադրումներով: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց մշակութաբան Կարինե Հակոբյանը: Վերջինս ընդգծեց՝ ծրագրում շեշտ կա, որ պետք է մեկ տարվա ընթացքում լինեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ուստի կցանկանար խոսել այն քաղաքականության մասին, որ լինելու է դրանից հետո:
Հակոբյանի խոսքով՝ մինչ օրս չի եղել այն գիտակցությունը, որ ազգային ինքնությունը և մշակութային ինքնությունը նույն բաներն են, հույս հայտնեց, որ այս փոփոխություններից հետո կունենանք իրական մշակութային քաղաքականություն. «Այսօր մենք գիտենք, որ այս կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է, Հայաստանում ոչ միայն գաղափարական, այլև սոցիո-մշակութային հեղափոխություն է տեղի ունեցել, և այն շարունակվում է: Չէի ցանկանա, որ մեր նախարարներն այդքան կենտրոնանան անցյալի վրա, բայց այն, որ նրանք հայտարարում են, որ դրա ժառանգորդը չեն, մերժում են, բավարար է»:
Հակոբյանն ընդգծեց՝ կցանկանար, որ նոր նախարարներն ազատվեին այն քաղցկեղից, որ արդեն մետաստազներ է տվել, այն է՝ կոռուպցիայից:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը ևս հիշեցրեց՝ սա ժամանակավոր կառավարություն է, պետք չէ մոռանալ, որ այս թիմն ընդամենը մեկ ամիս է՝ եկել է: Նա նշեց, որ շատ նախարարություններում փոխվել են նաև փոխնախարարները, իսկ նրանք այն օղակն են, որ առավել տեղեկացված են ոլորտի խնդիրների մասին: Ըստ Խոդիկյանի՝ վերջիններիս փոփոխությամբ նախարարները զրկվեցին այդ աղբյուրից, գուցե սա է պատճառը, նաև ժամանակի սղությունը, որ ծրագրում թվեր, ժամկետներ չենք տեսնում.«Ես չեմ կարծում, որ այս կառավարությունն իր առաջ խնդիր է դրել կոնկրետ գործընթացների ժամկետ կամ փուլեր նշել թեկուզ մեկ տարվա կտրվածքով: Որքան էլ նորը լավ է, պետք չէ եղածի լավը մոռանալ, այն արված է»:
Խոդիկյանը թվարկեց թանգարանները, որ ազգային դիմագիծ ունեն և մեր մշակութային ժառանգության կրողն են, մշակութային հուշարձանները, նշեց, որ կա անվտանգություն և կոռուպցիա ու ազգային մշակույթ ներկայացնելու խնդիր: Ըստ դրամատուրգի՝ այն ամենը, ինչ վերաբերել է մեր մշակութային ժառանգությանը, ի պատիվ բոլորի, մնացել է:
Խոդիկյանը կոչ արեց. «Եկեք ձերբազատվենք աշխարհը քանդել, նորից կառուցելու գաղափարից: Հին Երևանը քանդվեց՝ մենք կգանք, նոր Երևան կկառուցենք, մենք կգանք, նոր թանգարաններ կկառուցենք»:
Նրա խոսքին միջամտեց Կարինե Հակոբյանը՝ նշելով, որ մինչ այսօր ոչ մի նախարար չենք ունեցել, որ արժանի լինի մշակույթին: Դրամատուրգն արձագանքեց՝ քաղաքացիական հասարակություն չենք ունեցել, որ տեր կանգնի:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ընդգծեց. «Հասարակությունը փորձեց տեր կանգնել, Փակ շուկայի դեպքում նա ոտքի կանգնեց, և ի՞նչ»:
Շահումյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հետ կապված քննարկելու նյութ չկա, մասնավորապես՝ այն, ինչ կա մշակույթի վերաբերյալ, շատ ընդհանուր բան է, և դա հասկանալի է, որովհետև ժամանակավոր է:
«Ես ամբողջ ծրագիրը չեմ կարդացել, հնարավոր է՝ բոլոր ասպարեզների նկատմամբ է այդպես: Մշակույթի մասով երևում է, որ ոչ գիտակ մարդ է գրել՝ «ժողովրդին երջանկացնելու ուղիներ գտնելու…», եթե նկատի ունենք միայն արվեստը, այն ժողովրդին երջանկացնելու ուղի չգիտե, ոչ ոք չգիտե, երկրորդը՝ մշակույթից առանձնացված է սպորտ, կրթություն, գիտություն, դրա համար հասկացա, որ այն արվեստին է վերաբերում»,- ասաց նա:
Նկարիչը նշեց, որ ծրագրում ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումներ կան, և դրանից խուսափելու համար պետք էր խորհրդակցել գիտակ մարդկանց հետ, որովհետև պարտադիր չէ, որ նոր նախարարը ամեն ինչից տեղյակ լինի, սակայն այս ամենը շտկելի է: Նա ասաց, որ կոռուպցիան շատ ավելի զգալիորեն մտել է մշակույթի ասպարեզ, որը հայտնի է՝ զգայուն միջավայր է. «Բաներ կային՝ անգամ Սովետից ժառանգած, որ շատ լավ բաներ են եղել, որոնք պետք է զարգացնել, ոչ թե ոչնչացնել, հետո մտածել՝ ինչ անել»:
Կարինե Հակոբյանը կարևորեց մշակութային արտաքին քաղաքականությունը, շեշտեց՝ մշակույթի նախարարությունը պետք է դառնա գերակա, առաջ տանող նախարարություն. «Սա այն բնագավառն է, որտեղ այնպիսի խոպան է, ընկալման ցածր մակարդակ, որ հարց է ծագում՝ մենք անկախություն ձեռք բերեցինք, որ ինչ անենք՝ մեր մշակութային ինքնությունը պահպանենք, շատ քիչ երկրներ կան, որ ազգային մշակույթ ունեն»:
Խոդիկյանի խոսքով՝ ամբողջ խորհրդային շրջանում լավագույն սահմանադրությունը եղել է Ստալինի օրոք, ուստի խնդիրը փաստաթուղթը չէ: Նա խոսեց մշակութային գործիչներ-վարչապետ հանդիպման մասին, որին ներկա է եղել, ասաց՝ այնտեղ ամեն մեկն իր անձնական խնդիրը դրեց, իսկ ինքը չխոսեց, որովհետև չի կարծում, որ այդպիսի մեծ դահլիճում կարելի է համակարգային խնդիր ենթադրել:
«Ես կարծում եմ՝ եթե ինչ-որ խնդիր լինի, կարող եմ զանգել տիկին նախարարին, մտահոգող խնդիրների մասին նրան տեղեկացնել»,- ասաց նա:
Մշակույթի նախարարությունը փակելու անհրաժեշտության մասին քննարկումներին Խոդիկյանը չցանկացավ պատասխանել, քանի որ հստակ չէ՝ ովքեր են քննարկել. «Ըսեմ-ըսավ-ների ես չեմ պատասխանում»:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում