Հավուց Թառը սպասում էր ուսումնասիրողներին

Հավուց Թառը սպասում էր ուսումնասիրողներին

Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ անդրադարձել են Հավուց Թառ համալիրին: Այսօր այս կարեւոր հոգեւոր կենտրոնը գտնվում է անմխիթար վիճակում ու տարիներ շարունակ ենթարկվում է քայքայման բնական տեղումներից ու մեր զբոսաշրջիկների երբեմն անշնորհք վերաբերմունքից:

Հավուց Թառը գտնվում է Գառնիից արեւելք, Ազատ գետի ձախ ափին, բարձունքի վրա է: Այն հիմնադրվել է 4-րդ դարում, Տրդատ Գ.-ի օրոք:

Ավանդաբար այստեղ գործել են Սահակ Պարթեւը եւ Մեսրոպ Մաշտոցը, այդ պատճառով էլ վանքը կոչվել է «աթոռ Տրդատաց եւ մեր Պարթեւայ որդվոյ Անակայ»: Մինչեւ 11-րդ դարը գրավոր աղբյուրներում վանքի մասին տեղեկություններ չկան: 1013 թվականին Գրիգոր-Վահրամ Մագիստրոսը կառուցել է Ամենափրկիչ եկեղեցին ու գավիթը, գնելով այս վայրը Բագրատունիներից՝ վերակառուցում է հին եկեղեցին: 13-րդ դ. պատմագիր Մխիթար Այրիվանեցին 1001-1011թթ. նշել է, որ Հավուց Թառը կառուցել է Գեղիի իշխան Գեորգը:

12-րդ դ երկրորդ կեսին Հայաստանում սկիզբ է առնում հոգեւոր կյանքի նոր վերելք: 1160-ական թվականներից պահպանված արձանագրություններում եւ հիշատակարաններում նշվում են վանքի առաջնորդները ու միաբանները: 13-րդ դ սկզբին վանքի առաջնորդն էր Եղիա եպիսկոպոսը: Հավուց Թառի եպիսկոպոսը, որպես ժամանակի նշանավոր վանքի առաջնորդ, 1206թ. մասնակցել է Լոռվա եկեղեցական ժողովին:

13-րդ դ առաջին քառորդում, մինչեւ մոնղոլների ներխուժումը, Հավուց Թառը հանդիսացել է խոշոր վանական կազմակերպություն, ունեցել է կալվածքներ, այստեղ գրվել են ձեռագրեր, կանգնեցվել խաչքարեր: Չնայած երկրի ծանր վիճակին, որը գոյացել էր մոնղոլների նվաճման հետեւանքով, Հավուց Թառը մինչեւ 14-րդ դ սկիզբը պահպանել է իր ազդեցությունն ու դիրքը որպես խոշոր եւ հեղինակավոր վանական կազմակերպություն: Վանքի հոգեւորականներից է եղել մատենագիր Թովմա Մեծոփեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին:

18-րդ դ վանքը վերանորոգել է Աստվածատուր կաթողիկոսը:

Հավուց Թառ համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբերից: Արեւմտյան խմբի գլխավոր եկեղեցին 13-րդ դարի է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձեւ չորս անկյուններում ավանդատներով: Եկեղեցուն կից են երկու միայնակ մատուռներ, իսկ եկեղեցու արեւելյան կողմում եկեղեցու հին գերեզմանոցն է: Արեւելյան խմբի կառույցները՝ Սբ. Կարապետ եկեղեցին, Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցին ու գավիթը, տնտեսական ու եկեղեցական սենյակները եւ հացատունը, շրջափակված են քարեղեն պարսպով:

Այս երկու հուշարձանախմբերը միացնող բլրալանջին է տարածված հին գյուղատեղին, որը բոլորելով բարձունքը, գնում հասնում է Գողթ գյուղի հարավային մասին: Համալիրից արեւմուտք սարալանջի ստորոտին է սփռված գյուղատեղիի գերեզմանոցը, խաչքարերով ու գրեթե անմշակ տապանաքարերով:

Հավուց Թառ վանական համալիրը սպասում է իր ուսումնասիրողներին, որպեսզի վերականգնի իր վաղեմի հեղինակավոր դիրքը, որպես վանական կազմակերպություն ու հարստացնի մարզի պատմամշակութային կյանքը:

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում