Կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է թեժ մթնոլորտում. վիճաբանություն պատգամավորների միջև․ (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումները շարունակվում են թեժ մթնոլորտում: Ընդմիջումից վերադառնալուց հետո Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց արտահերթ նիստը մինչև օրակարգային հարցի սպառումը անցկացնելու հարցը: Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին կոչ անել կառավարության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոցիաների ազդեցությանը և չարտաբերել բառեր, արտահայտություններ, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել կամ վերանայել տեսակետը: Հարգելի պարոն Մելքումյան, սիրելի գործընկեր, խնդրում եմ այսուհետ Դուք անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունն իմ նախաբանում նշած հանգամանքով պայմանավորված»,- ասաց Ֆարմանյանը:
Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև Միքայել Մելքումյանը: «Հարգելի գործընկեր, պարոն Ֆարմանյան, զսպեք Ձեր հակադարձելու մոլուցքը և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Կարողացեք իրականությունը հավուր պատշաճի ընդունել: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողն ամեն ինչ տեսնում է, գիտի, պարզապես մի քաղաքակիրթ հորդոր իմ որոշ գործընկերներին. երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարևանների հետ կռիվ անել՝ քար նետելով: Դա լավ բանի չի բերում, հատկապես՝ երկրին»,- ասաց նա:
Աշոտյանի ելույթի ընթացքում նրան տեղից ընդհատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով վիրավորական արտահայտություններ հնչեցրեց: «Դու էշ-էշ մի խոսա»,- Աշոտյանի ելույթն այս խոսքերով ընդհատեց Մանուկյանը, ինչին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ձա՜յնդ, ձա՜յնդ»:
Միջամտեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ գործընկերներին կոչ անելով հանդարտվել և վիրավորական արտահայտություններ թույլ չտալ: «Ես խնդրում եմ, կրքերը մի բորբոքեք»,- ասաց Հովհաննիսյանն, ինչից հետո ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազայանին:
Հովիկ Աղազարյանը, սակայն, չկարողացավ սկսել ելույթը, քանի որ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ կուտակվել էին նիստերի դահլիճի մի հատվածում և խանգարում էին նիստը. Արմեն Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը վիճաբանում էին, ինչին միջամտեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Կրքերը հանդարտեցնելու համար «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն Արմեն Աշոտյանին դահլիճից դուրս տարավ, ինչից հետո միայն Հովիկ Աղազարյանը կարողացավ շարունակել ելույթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում