Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել ԼՂ-ն, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանը կհարգի այդ որոշումը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների ներգրավման շուրջ պայմանավորվածության գան: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լրագրողը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչին ի պատասխան Լավրովն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այն է՝ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով, որի անդամ է նաև Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»:
Նա նշեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին գալ պայմանավորվածության:
«Այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ընդ որում, որոշ փուլերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Հետագայում կողմերի պայմանավորվածություններով ձևաչափը փոխվեց»,- նկատեց Լավրովը:
«Եթե կողմերը պայմանավորվածության գան որևէ փուլում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»,- հայտարարեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում