Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողները կորոշվեն այսօր

Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողները կորոշվեն այսօր

Խաչատրյանի 14-րդ մրցույթի առաջին փուլը շարունակվում է։ Երիտասարդ թավջութակահարները Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ գյումրեցի Միքայել Պետրոսյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում։ Մրցութային կատարմամբ ելույթ է ունենալու այսօր՝ մասնակիցներից ամենավերջինը։

Նշել է, որ Խաչատրյանի մրցույթին մասնակցելն իր համար մեծ փորձ է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժշտի, թավջութակահարի համար հաճելի է մասնակցել նման մեծ, հեղինակավոր մրցույթի»։

Ասել է, որ ծանոթ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ, նրանց կատարողական արվեստին և նկատում է, որ բարդ փուլ է սպասվում իրենց։ Միքայել Պետրոսյանը 2015 թվականին Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի Գրան պրիի մրցանակակիր է։

Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը նշել է, որ Խաչատրյանի մրցույթը չափազանց կարևոր է իր համար, քանի որ այն բավականին հայտնի է ամբողջ աշխարհում և շատ կարևոր փորձ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար։

Մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը ընդգծել է, որ մրցութային ծրագրում պարտադիր կատարման համար ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան, ինչպես նաև ընտրությամբ հայ մեծ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։
Այսօր երեկոյան հայտնի կլինեն մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում