Ռուբեն Սադոյանն այցելել է Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց

Ռուբեն Սադոյանն այցելել է Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց

Դեսպան Սադոյանի այցը Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց։

Դեսպանը նախ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխայիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար, Հասմիկ Պապիկյանի հետ։

Տնօրենությունը դեսպանին ներկայացրեց դպրոցի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Դեսպանն հետաքրքրվեց, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական բաժին դիմող աշակերտների թիվն ավելանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է խթանող միջոցներ նախաձեռնել հայկական կրթություն ստանալ ցանկացողների թիվն ընդլայնելու համար։ Այս առումով դեսպանը նշեց, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ջանք չի խնայելու, որպեսզի նպաստի դպրոցի հայկական սեկտորի աշակերտների թվի ավելացմանը։

Դեսպանը, տեղեկանալով դպրոցի խնդիրներին, պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը։

Այնուհետև, դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մեծ աշուղ Սայաթ-Նովային նվիրված միջոցառում, որի ընթացքում դպրոցի հայկական բաժնի աշակերտները հայերեն և վրացերեն ասմունքով ու երգով, գեղեցիկ պարերով ու բեմականացումներով ներկայացրեցին աշուղի ստեղծագործությունները, կյանքն ու գործունեությունը։

Իր խոսքում դեսպան Սադոյանը հիացմունք արտահայտեց կազմակերպված միջոցառման վերաբերյալ և նշեց, որ տպավորված է դպրոցի հայ աշակերտների ելույթներից՝ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Դեսպանը նշեց, որ Սայաթ-Նովան իրավամբ դարձել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության յուրատեսակ խորհրդանիշներից մեկը։

Միջոցառման ավարտին դպրոցի ուսուցչուհի Լուիզա Մուրադյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում