Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով մեղադրվել է ևս 3 անձ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ավետիսյանին, Մհեր Մուսայելյանին, Դավիթ Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:
Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից երեկ մեղադրանք էր առաջադրվել Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի( խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան, 2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում