Տ. Ուրիխանյան. «Ժառանգության» հարձակումներն իրենց մեկնաբանություններն ստացել են

«Առավոտը» զրուցել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ:

-Այս օրերին ընդդիմադիր դաշտի առանձին ներկայացուցիչներ ԲՀԿ-ին մեղադրեցին «Իշխանական խաղերի» և ընդդիմության հետ անկեղծ չլինելու մեջ: Կա՞ նման բան:
-Ես տեղյակ չեմ նման հայտարարություններից: Ովքե՞ր են նման բաներ ասել:

-Օրինակ՝«Բարև Երևան» դաշինքը ներկայացնող Ստեփան Սաֆարյանը:
– «Ժառանգության» ներկայացուցիչների հարձակումները ԲՀԿ-ի վարկանիշի ուղղությամբ արդեն մեկնաբանություններ ստացել են, հավելելու ոչինչ չունեմ:

– ԲՀԿ-ն վերցնելու՞ է մանդատները:
-Քննարկումները դեռ շարունակվում են: Ինքս այն դիրքորոշումն ունեմ, որ պատասխանատվությունը պետք է ստանձնել, և մեր ներկայացուցիչները պետք է լծվեն աշխատանք կատարելուն:

-Ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ասել էր, որ ինքը իր առաքելությունն ավարտված է համարում, նաև խոսակցություններ են շրջանառվում, որ մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում խուճապային իրավիճակ է:
– Պարոն Արսենյանը հավանաբար նկատի է ունեցել Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունեցել ենք, և այն, բնականաբար, ընտրություններով ավարտվել է: Ինչ մնում է ԲՀԿ-ին՝ մեր շարքերը կուռ են, ամուր են, տրամադրվածությունը նույնն է՝ գնալ դեպի փոփոխություններ: Ապագան մեզ համար բաղկացած է մեծ անելիքների, մեծ, նոր փոփոխությունների ճանապարհով գնալու ցանկություններով և հստակ գործողություններով, որոնք առաջիկայում կիրականացվեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում