Սուրեն Բագրատունի․ «Իսկապես բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում մրցույթին՝ աշխարհի բոլոր կենտրոններից, գրեթե բոլոր մեծ կոնսերվատորիաներից»

Սուրեն Բագրատունի․ «Իսկապես բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում մրցույթին՝ աշխարհի բոլոր կենտրոններից, գրեթե բոլոր մեծ կոնսերվատորիաներից»

Հունիսի 9-ի առավոտյան Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել էին 7 թվաջութակահարներ` 3-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2-ը՝ Հարավային Կորեայից, մեկը՝ Դանիայից, ևս մեկ մասնակից ներկայացնում է Իսպանիան և Թայվանը։ Նրանք այսօր և վաղը ժյուրիին են ներկայացնելու իրենց կատարողական վարպետությունը։ Նշենք, որ երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլում մասնակիցների մրցութային ծրագրում պարտադիր կատարման համար ներառված է Արամ Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան։

Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին, ամփոփելով առաջին փուլի արդյունքները, նշեց, որ ժյուրիի անդամների սպասելիքներն արդարացել են։ «Իսկապես բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում մրցույթին՝ աշխարհի բոլոր կենտրոններից, գրեթե բոլոր մեծ կոնսերվատորիաներից։ Դեռ շատ սպասելիքներ ունենք։ Երկրորդ փուլում շատ ավելի բարդ ծրագիր է։ Ծրագրում ընդգրկված է նաև Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիան։ Տեսնենք, թե ինչպես են մեր արտասահմանցի երաժիշտները մեկնաբանում Խաչատրյանի ստեղծագործությունը։ Ցավոք, Հայաստանը ներկայացնող մասնակիցները չհաղթահարեցին առաջին փուլը։ Ճիշտ է, նրանք լավ ելույթ ունեցան, պարզապես երկրորդ փուլ անցած մասնակիցների մակարդակը չափազանց բարձր է»,- ասաց պարոն Բագրատունին։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում