Գոհ լինել
Նմանատիպ
Մեր ընկերները, շրջապատող մարդիկ կարող են նպաստել կամ խոչընդոտել մեր գոհունակության զգացում ունենալուն: Ինչպե՞ս վարվել, եթե նրանք ստիպում են նախանձել, չեն գնահատում այն, ինչ արվում է իրենց համար… հրաժարվե՞լ ընկերներից:
Քրիստոս ասում է. «Քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն» (Մատթ. 5.30): Խոսքը վերաբերում է նաև ընկերներին ու բարեկամներին: Եթե խոչընդոտում են հավատքին, Քրիստոսի սիրուն, ապա պետք է հեռու մնալ շփումից, հաճախակի հաղորդակցությունից, սակայն միշտ պետք է նրանց հետ մերձ լինել աղոթքում, աղոթել, որ նրանք ճիշտ և աստվածահաճո ճանապարհով ապրեն:
Եթե խոսքը վերաբերում է սովորական գոհունակություն զգալուն, որին խանգարում են շրջապատի մարդիկ, ապա այստեղ մարդ գուցե իր մեջ փնտրի պատճառը, թե ինչից է ուզում գուհունակություն ապրել, և հստակ ինչն է, որ խանգարում է:
Կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնք կյանքում գոհ լինելու գրավականներ են:
Աստված արարարչագործությունը վերջացնելուց հետո, գոհունակությամբ անդրադարձավ Իր արարչագործությանը, տեսավ, որ ամեն ինչ լավ է, բարի է (Ծննդ. 1.31): Մարդը ևս աստվածանմանությամբ ունի արարչագործության հատկանիշը և իր կատարած բարի ու լավ գործով կարող է մեծ բավականության զգացում ունենալ:
Մարդուն գոհունակություն կբերեն նաև հոգևոր իրագործումները` պահքի, աղոթքի, բարեգործության, մարդասիրության ճանապարհին ձեռքբերումները, իր անձի վերափոխվելը Աստծո կամքի համաձայն, Քրիստոսի նմանությամբ պայծառակերպվելը` դառնալով մեղքերից սրբված նոր արարած (Բ Կորնթ. 5.17):
Ուրեմն, մարդուն գոհունակություն կարող են բերել բարի գործերը և հոգևոր ճանապարհին առաջընթացը, որը լուսե կնիքն է դնում մարդու անձի և հոգու վրա:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում