Նախազգուշացում. Հուշարձանների տարածքում վերանորոգում իրականցնելիս պետք է համաձայնեցնել նախարարության հետ

Նախազգուշացում. Հուշարձանների տարածքում վերանորոգում իրականցնելիս պետք է համաձայնեցնել նախարարության հետ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն նշված օրենքի՝

Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (հոդված 16):

Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19):

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ (հոդված 21):

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:

Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 22):

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30):

Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման հետ կապված քաղաքաշինական խնդիրները լուծելու նպատակով, 2010-ից գործող «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման հուշարձանների պահպանական գոտիների նախագիծ»-ը սահմանում է դրանց ռեժիմները (պայմանակարգը), ներառելով հուշարձանների հետ կապված այլ տվյալներ:

ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշումը ընդգրկում է 976 հուշարձան, այդ թվում.

Հնագույն ժամանակաշրջանից մեզ հասած հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարաններ, պաշտամունքային և աշխարհիկ կառույցներ, գերեզմաններ և Հայաստանի այլ տարածքներից բերված հուշարձաններ:

Միջնադարից` կամուրջներ, եկեղեցիներ, խաչքարեր, իսկ իրանական տիրապետման շրջանից (XVIIդ.)` մզկիթներ, ժողովրդական տներ, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերը, Շահար ու Դամիր Բուլաղ թաղամասերի մնացորդները:

Ռուսական տիրապետման շրջանից` փողոցների և թաղամասերի ամբողջական ու առանձին հատվածներ, եկեղեցիներ, արտադրական, հասարակական և բնակելի շենքեր:

Թամանյանի օրերից` Երևանի գլխավոր հատակագծով իրականացված քաղաքաշինական համակարգը, բնակելի և հասարակական համալիրներ, արդյունաբերական, արտադրական և ինժեներական կառույցներ, զբոսայգիներ, պուրակներ և մոնումենտալ արվեստի նմուշներ:

Ետթամանյանական և նորագույն շրջանից` առանձին հասարակական կառույցներ և մոնումենտալ արվեստի հուշարձաններ:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին և որոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում»,-ասված է նախարարության էջում հրապարկված նախազգուշացման մեջ:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում