Կայացավ «Համով-Հոտով Երեւան» հայկական խոհանոցի փառատոնը
Նմանատիպ
Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Երեւանյան ամառ 2018» եռամսյա տոնակատարությունների շրջանակներում այսօր Հանրապետության հրապարակի հարակից այգում անցկացվեց «Համով-Հոտով Երեւան» հայկական խոհանոցի փառատոնը: Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն:
Առանձին տաղավարներում ներկայացվել էին հայկական ազգային եւ եկեղեցական ճաշատեսակներ, որոնք երևանցիներին եւ հյուրերին հայկական խոհարարական ժառանգությանը ծանոթանալու եւ ուտեստները ճաշակելու հնարավորություն էին ընձեռել:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց. «Այս փառատոնում ներգրավված են կրթօջախներ, ռեստորաններ եւ ներկայացնում են տարբեր տոներ, սկսած Ամանորից, մինչեւ Սուրբ Խաչ եւ այդ տոների հետ կապված հայկական սննդի համակարգը, բանահյուսական նյութը եւ գեղարվեստական մասը»:
Հարցին, թե տոնակատարությունը որքանո՞վ կանդրադառնա Հայաստանի միջազգային ճանաչման, զբոսաշրջության զարգացման վրա, պարոն Մամուլյանը պատասխանեց.
«Մեզ համար առաջնայինն այն է, որպեսզի նախ եւ առաջ մեր ժողովուրդը ճանաչի իր տոների եւ ազգային խոհանոցի հիմքն ու արմատները: Երկրորդ խնդիրը, իհարկե այն է, որ սա հայկական ավանդույթները տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու լավագույն խթան է», պարզաբանեց Սեդրակ Մամուլյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում