Ստեփանակերտում մի շարք միջոցառումներ են անցկացվել մայիսյան եռատոնի կապակցությամբ
Նմանատիպ
Մայիսի 9-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Հայկական երկու հանրապետությունների Նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետեւ Նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել Շուշիում կերպարվեստի թանգարանի բացմանը:
Նույն օրը Նախագահները մասնակցել են Ստեփանակերտում Արցախի ազատամարտիկների միության նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ այն նոր լիցք կհաղորդի միության գործունեությանը, մեծապես կնպաստի աշխատանքների հաջող եւ արդյունավետ կազմակերպմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանություններն այսուհետ էլ շարունակելու են իրականացնել լայնածավալ ծրագրեր’ ուղղված ազատամարտիկների սոցիալ-կենցաղային եւ բնակարանային պայմանների բարելավմանը, Պաշտպանության բանակի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, նրա ռազմական հզորության աճին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աղգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում