Ադրբեջանում ընդդիմադիրները սափրագլուխ են դարձել

Ադրբեջանում ընդդիմադիրներն, ի նշան բողոքի, սափրում են իրենց գլուխները: Շարժման գաղափարն առաջացել է փաստաբան Գուրբան Մամեդովի մոտ:
Վերջինս դատապարտել է ապրիլի 30-ին «Ոչ ահաբեկչությանը» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալված երիտասարդ ակտիվիստներ Թուրղութ Ղամբարի, Աբուլֆազ Գուրբանլըի եւ Իլքին Ռուստամզադեի նկատմամբ ժամանակավոր մեկուսարանում իրավապահների կողմից ֆիզիկական բռնաճնշումները:

Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստներին ձերբակալել էին ապրիլի 30-ին՝ պետական նավթային ակադեմիայում զանգվածային սպանությունների տարելիցի կապակցությամբ կազմակերպված հերթական բողոքի ցույց ժամանակ:

Ի նշան համերաշխության’ փաստաբան Մամեդովը նույնպես սափրել է գլուխը: «Թող բոլոր երիտասարդները, բոլոր քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս այս ռեժիմի դեմ, գլուխները սափրեն, ինչպես ես, եւ դուրս գան փողոց: Եվ դա կլինի մեր բողոքը: Թող աշխարհը տեսնի’ ինչքան դեմ մարդ կա ռեժիմին Ադրբեջանում: Հակառակ դեպքում, առանց համերաշխության եւ համախմբման, մենք չենք կարող կանգնեցնել ռեժիմի բռնակալությունը, պետբյուջեի եւ ժողովրդի հարստությունների թալանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում